Ռուսաստանի նախագահը երեկ եւ այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը քննարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական դրույթները: Արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ դրությունն ընդհանուր առմամբ մնում է կայուն եւ հանդարտ: Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունավետությունը: Անդրադարձ է եղել նաեւ տնտեսական եւ տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրականորեն է նշվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը, որում նա ադրբեջանական պատմական տարածք էր անվանել Զանգեզուրը և նշել, թե իրենք Հայաստանին ստիպելու են չխոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Զախարովան ասել է, որ  Մոսկվան ընդհանուր առմամբ կառուցողական է համարում այն տրամադրվածությունը, որը Բաքուն եւ Երեւանը ցուցադրում են երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

«Դրա գլխավոր խնդիրն է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,-ասել է Զախարովան

Զախարովան կոշտ գնահատական է տվել Արցախում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրի դեմ ադրբեջանցիների վանդալիզմի դեպքերին։ Դրանք Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում։

Հայաստանի զինված ուժերը հաջորդ շաբաթ զորավարժություններ կանցկացնեն։ Մարտավարական զորավարժությունները տեղի կունենան օպերացիոն բոլոր ուղղություններում  մարտի 16-ից 20-ին։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժություններին կընդգրկվեն շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային եւ հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորավարժություններին  կներգրավվեն նաեւ օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Գրեթե միաժամանակ՝ մարտի 15-19-ը, լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի զինված ուժերը՝ 10 000 զինծառայողի մասնակցությամբ։

«Greek City Times-ի» էջերում վերլուծաբան Պոլ Անտոնոպոլուսն ահազանգում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ Սյունիքը Հայաստանից խլելու համար։ Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական Boeing 737AEW & C վաղ նախազգուշացման եւ վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտակայքում:

«Սա նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը պահեստազոր է կանչում, իսկ թուրք եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանի մոտ»,- գրել է պարբերականը։

Բաղրամյան պողոտայում շարունակվող անհնազանդության ակցիայի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ «սրացումներ են լինելու, ավելի լավ՝ թող լինեն.  Оно того стоит»:

«Ինձ սարսափեցնում է Սյունիքի շուրջ սրացումը: Ալիեւը հասկանում է, որ Նիկոլի օրոք  հնարավոր է անել այն, ինչը հնարավոր չի լինի նրանից հետո: Իսկ ներքին սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների եւ երկրին նվիրված մարդկանց միջեւ: Եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»,- ասել է նա: Մանուկյանը չի հավատում, որ նախագահը կողմերին սեղանի շուրջ նստեցնելով փորձում է իրավիճակը հանդարտացնել:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» համաձայնել էր նախագահի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծման ուղիները քննարկելու  գաղափարին, եթե այն տեղի ունենա Ազգային ժողովում եւ ուղիղ հեռարձակվի։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցություններն ընդունել էին մարտի 13-ին հանդիպելու նախագահի հրավերը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է գործող նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է ԼՀԿ-ի դիրքորոշումը։ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրել է, որ առաջին նախագահը հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը աճում է։ Նախորդ օրը գրանցվել է վարակվելու 818 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 177 հազարից: Մահացել է 5 վարակակիր, նրանցից մեկի մահն այլ հիվանդությունից է։ Մահացածների ընդհանուր թիվը 3244 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.50 դրամով եւ հասել  526.88 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով ու կազմել 627.67 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով  ու կազմել 733.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 7.15 դրամ:

Մարտի 13-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 9-10 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -5-ից -7, վաղը ցերեկը +3-ից +5։