Հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որը մինչեւ 15 տարեկան երեխայի հետ սեքսը որակում է բռնաբարություն եւ պատժվում է մինչեւ 20 տարի ազատազրկմամբ, հայտնում է Reuters-ը:

Թեեւ համաձայնության տարիքը նախկինում կազմում էր 15 տարին, Ֆրանսիայում արդարադատության հասնելու համար դատախազներից պահանջվում էր ապացուցել, որ սեռական ակտը կամավոր չի եղել: Այժմ մինչեւ 15 տարեկան երեխաների եւ դեռահասների հետ սեռական հարաբերությունները հավասարեցրել են բռնաբարությանը:

«Սա պատմական օրենք է մեր երեխաների եւ մեր հասարակության համար»,- Ազգային ժողովում ասել է արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին:

«Ոչ մի մեծահասակ չի կարողանա պահանջել 15 տարեկանից փոքր անչափահասի համաձայնությունը»:

Ասամբլեան թվիթերյան էջում գրել է, որ օրինագիծը միաձայն քվեարկվել է վերջին ընթերցման ժամանակ:

Որոշ օրենսդիրներ մտավախություն են հայտնել, որ համաձայնության տարիքը, որից ցածրի դեպքում սեքսը ավտոմատ կերպով համարվում է բռնաբարություն, կարող է քրեականացնել երկուստեք համաձայնությամբ սեռական հարաբերությունները անչափահասի եւ ընդամենը մի քանի տարով մեծ անձի միջեւ:

Ֆրանսիական օրենսդրությունը բռնաբարություն է համարում նաեւ խառնարյունությամբ սեռական հարաբերությունները մինչեւ 18 տարեկան անչափահասների հետ:

Մի երկրում, որը երկար ժամանակ պահպանել է գայթակղության եւ ռոմանտիկայի երկիր լինելու ինքնագնահատականը, կանանց եւ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը տարիներ շարունակ մնացել է անտեսված:

Բայց վերջին տարիներին Ֆրանսիայում տեղի է ունեցել արժեքների վերագնահատում:

#MeToo շարժումը, որն ընդգրկել է աշխարհը այն բանից հետո, երբ բազմաթիվ կանայք 2017-ին ամերիկյան կինոարտադրող Հարվի Վայնշտեյնին մեղադրեցին սեռական ոտնձգության մեջ, շրջադարձային էր նաեւ Ֆրանսիայում: 2020-ին նույնը տեղի ունեցավ ֆրանսիացի գրողի հետ, որը բացահայտ գրում էր իր կողմից մանկապղծության մասին: