Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լիբանանի նշանակված վարչապետ Սաադ Ալ-Հարիրիին խոստացել է այցելել երկիր այն բանից հետո, երբ քաղաքական ուժերը մի կողմ դնեն տարաձայնությունները՝ ի շահ ժողովրդի, հայտնում է Reuters-ը:

Վատիկանը հայտնել է, որ Ալ-Հարիրին, ով կարճատեւ այցի ընթացքում հանդիպելու է նաեւ Իտալիայի ղեկավարների հետ, շուրջ 30 րոպե բանակցություններ է վարել Հռոմի պապի հետ:

Դրանից հետո Ալ-Հարիրին լիբանանյան հեռուստատեսությանը ասել է, որ Պապը նոր կառավարության ձեւավորումից հետո կայցելի երկիր: «Ես մեր խնդիրները ներկայացրեցի Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապին եւ խնդրեցի նրան օգնել Լիբանանին»,- ասել է վարչապետը:

«Նորին Սրբություն Պապը կայցելի Լիբանան, բայց կառավարության ձեւավորումից հետո: Եւ սա ուղերձ է լիբանանցիներին, որ մենք պետք է կառավարություն կազմենք»,- ասել է նա:

Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանցիսկոսը «հաստատել է իր նվիրվածությունը լիբանանցի ժողովրդին, որը շատ դժվար եւ անկայուն ժամանակներ է ապրում՝ հայտարարելով ի շահ ազգի անհապաղ պարտավորություն ստանձնելու բոլոր քաղաքական ուժերի պատասխանատվության մասին»: