Աբխազիան ապավինում է Ռուսաստանի օգնությանն իր ՌՕՈւ-ի թարմացման հարցում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան:
«Մեզ նոր ինքնաթիռներ են պետք, որոնցով կթռնեն լավ պատրաստված աբխազ երիտասարդ օդաչուները, իսկ նրանք մեզ մոտ 20-ից ավել են: Մենք աջակցություն ենք ակնկալում [այս հարցում] Ռուսաստանի Դաշնությունից, եւ, ամենայն հավանականությամբ, այդ աջակցությունը կիրականացվի մոտ ապագայում»,- ասել է նա:
Ըստ նրա՝ վերջերս հանրապետություն էին այցելել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները եւ բանակցություններ են վարվել Աբխազիայի պաշտպանության նախարարության հետ. մի շարք հարցերի մասով առաջընթաց է գրանցվել:
Խոսելով Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմական համագործակցության մասին՝նախագահը նշել է, որ ուժերի միավորված խումբ է ստեղծվել, անցկացվում են տարբեր մակարդակի համատեղ զորավարժություններ, մշակվում են անհրաժեշտ հմտությունները: Միեւնույն ժամանակ, հավելել է նա, կան խնդիրներ, որոնք կապված են հանրապետության զինված ուժերի արդիականացման հետ:
«Անկասկած, կողմերից մեկի նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեպքում բոլոր պարտավորությունները կկատարվեն», - շեշտել է նախագահը:
Աբխազիան եւ Ռուսաստանի Դաշնությունը 2011-ին ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, 2016-ին՝ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագիր, 2019-ին՝հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման մասին:





























