Ստենֆորդի ինժեներները ստեղծել են էքզոկմախքի նախատիպ, որն ամրացվում է սրունքներին եւ շարժիչների ու ալգորիթմի շնորհիվ մեծացնում տեղաշարժման արագությունն ավելի քան 40 տոկոսով, գրում է Հայթեք+-ը:
Այդկերպ ինժեներներն առաջարկում են լուծել մարդկանց խնդիրը, որոնք տարիքային առանձնահատկությունների կամ առողջական վիճակի պատճառով չեն կարող պահպանել քայլքի արագ տեմպը:
Էքզոկմախքը կազմված է կարկասից, որն ամրացվում է ծնկի ներքեւի հատվածում եւ կոշիկի վրա: Ալգորիթմը ղեկավարում է շարժիչն ու լարերը՝ օգնելով բարձրացնել ոստնաթաթն ու հրել գետնից վեր:
Էքզոկմախքի արագության ռեժիմը ցույց է տվել քայլքի տեմպի առավելագույն ավելացում՝ 42 տոկոս: «Մենք հույս ունեինք, որ էքզոկմախքի օգնությամբ կկարողանանք մեծացնել քայլքի արագությունը, սակայն զարմացել էինք՝ տեղեկանալով այդ ցուցանշի մասին,-ասել է Ստենֆորդի համալսարանից պրոֆեսոր Սթիվ Քոլինզը:-40 տոկոսը շատ է»:





























