Իսրայելը երկուշաբթի ժամը 06:00-ից ամբողջովին փակել է պաղեստինցի նավաստիների ձկնորսական գոտին Գազայի հատվածի ափերի մոտ՝ի պատասխան Իսրայելի տարածք հրթիռների արձակմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kan ռադիոն:
Ըստ ռադիոկայանի՝ նախ որոշում էր կայացվել ապրիլի 26-ին՝ ժամը 06:00-ից, պաղեստինցիների համար ձկնորսական գոտին 15 ծովային մղոնից (մոտ 28 կմ) կրճատել մինչեւ 9 ծովային մղոն (մոտ 17 կմ), սակայն հատվածից հրթիռային հարձակումներից հետո երկուշաբթի երեկոյան որոշում կայացվեց ամբողջությամբ փակել այն պաղեստինցի նավաստիների համար:
Արմատականներն ուրբաթ երեկոյան մինչեւ շաբաթ առավոտ Գազայի հատվածից 36 հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել էր դրանցից վեցը, իսկ մնացածը պայթել էր չբնակեցված տարածքներում: Շաբաթ երեկոյան տեղի էր ունեցել Իսրայելի վրա ամենահզոր հրթիռային հարձակումը 2020-ի փետրվարից ի վեր, երբ արձակվել էր 80 հրթիռ:
Եզակի հրթիռային հարձակումները, մի քանի ամիս ընդմիջումից հետո, վերսկսվել էին անցյալ տարվա վերջին: Երկուշաբթի գիշերն արմատականները Գազայից առնվազն չորս հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը որսվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կողմից, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:





























