Twitter-ը Հնդկաստանի կառավարության խնդրանքով Covid-19-ի վերաբերյալ մի քանի թվիթ է հեռացրել, այդ թվում նրանք, որոնք քնադատել են վարչապետ Նարենդրա Մոդիի գործողությունները` կապված կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի հետ, հաղորդում է CNN-ը:
Հնդկաստանի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ խնդրել է Twitter-ին, Facebook-ին եւ մյուս սոցիալական ցանցերին հեռացնել շուրջ 100 գրառում՝ «կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն տարածելու համար որոշ օգտվողների կողմից սոցիալական մեդիայի հարթակները չարաշահելու պատճառով»: Գերատեսչությունը այս օգտվողներին մեղադրել է Covid-19-ի վերջին ալիքի հետ կապված «խուճապ» ստեղծելու համար՝ «օգտագործելով Covid-19-ի մասին անկապ, հին եւ ոչ համաատեքստային պատկերներ, հանրային հաղորդագրություններ եւ ապատեղեկատվություն»:
Հայտարարության մեջ, որը ներառում է Facebook-ի, Twitter-ի եւ Instagram-ի արգելափակված հաղորդագրությունների սքրինշոթեր, ասվում է, որ այս հաշիվներից մի քանիսը քաղաքացիներին կոչ են անում դիմակներ չկրել կամ ատելություն են սերմանում` «կրոնական կրքեր բորբոքելով»:





























