ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրվանից գրեթե 100 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքը երկրների մեծ մասում բարելավվել է: Այս մասին են վկայում Morning Consult-ի կողմից հրապարակված հարցման տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իրենց հետազոտության մեջ ընկերության աշխատակիցները հարցազրույց են վերցրել 14 երկրներից մեծահասակների հետ, իսկ նրանցից 12-ում Բայդենի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի լավը, ընդհանուր առմամբ ցուցանիշն աճել է 9 տոկոսային կետով:

Քաղաքական փոփոխությունները լավագույնս ընդունվել են Գերմանիայում, որտեղ նոր վարչակազմի երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ի իմիջը բարելավվել է 47 տոկոսային կետով: Ռուսաստանում, չնայած երկու երկրների հարաբերությունների վատթարացմանը, Բայդենի կառավարման օրոք Միացյալ Նահանգների իմիջը Ռուսաստանի Դաշնության բնակիչների շրջանում փոքր-ինչ բարելավվել է. հունվարի 20-ից ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող հարցվածների տոկոսը 40-ից հասել է 43-ի:

Միացյալ Նահանգների հասարակության ընկալման ամենաբացասական փոփոխությունները տեղի են ունեցել Չինաստանում, որտեղ Բայդենի վարչակազմի ընտրվելուց հետո երկրի նկատմամբ վերաբերմունքը վատթարացել է 13 տոկոսային կետով: Չինաստանի բնակիչների 74 տոկոսը բացասաբար է ընկալում Միացյալ Նահանգները, 9 տոկոսը չունի հստակ կարծիք, եւ միայն 17 տոկոսն է դրական վերաբերվում այդ երկրին:

Հնդկաստանում հարցվածների 79 տոկոսը լավ է վերաբերվում Միացյալ Նահանգներին, նրանք ավելի շատ լոյալություն են ցուցաբերել, քան հենց ԱՄՆ բնակիչները. այդ երկրում հարցվածների 78 տոկոսը դրական է վերաբերվում փոփոխություններին:

Հարցմանը, որն անցկացվել է ապրիլի 16-ից 25-ը, մասնակցել է յուրաքանչյուր երկրի առնվազն 1100 բնակիչ:

Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Բայդենի երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին: Ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա աշխատանքի հարյուրերորդ օրը լրանում է ապրիլի 29-ին: