«Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ այս պահին շենքի ձախակողմյան հատվածի առաջին եւ երկրորդ հարկերում տեղակայված է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունքը, որտեղ աշխատում է ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը: Այս մասին իր ուղիղ եթերում նշեց Արտավազդ Սահակյանը:

Նրա խոսքով, ըստա յդ դիմումի, շենքի այդ հատվածի հիմնանորոգումից հետո «Զինվորի տունը» ցանկանում է այդ հատվածում պահպանել միկրովիրաբուժության բաժանմունքը՝ կռուցելով ժամանակակից վիրահատարաններ: Մասնաշենքի առաջին հարկում տեղակայվելու է լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը, երկրորդ հարկում լինելու են հիվանդասենյակներ, որոնք հարմարեցված կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց: Երրորդ հարկում նախատեսվում է կառուցել վիրահատարաններ, ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

«Նախ հարգարժան Հայկուհի Մինասյանը տեղյակ չէ, որ սա միկրովիրաբուժության բաժանմունք չէ, այլ պլաստիկ վիրաբուժության համալսարանական կլինիկան է, որտեղ կատարվում են բազմաթիվ տարաբնույթ վիրահատություններ ոչ միայն զինվորներին, այլեւ ողջ քաղաքացիական բնակչությանը:

Երկրորդ, ինքը անկեղծորեն ռեկտորին տեղեկացնում է, որ մեր բաժանմունքում տեղադրվելու է առաջին հարկում ախտորոշիչ բաժանմունք:

Ինչպես հասկացաք այդ նամակից, այստեղ ոչ մի տարածք չի թողնվում ամբիոնին գործունեության, ինչպես նաև բժիշկների, կլինօրդինատորների և մյուսների գործունեության համար, այսինքն՝ մենք ամբողջովին ոչնչացվում ենք»,-ասաց Արտավազդ Սահակյանը:

«Հաշվի առնելով, որ սա կատարվել է մեր թիկունքում, ռեկտորի թողտվությամբ, ավելի ճիշտ՝ համաձայնությամբ և հովանավորչությամբ, Հայկուհի Մինասյանի հետ, ես դիմում եմ ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով, որ մեզնից ծածուկ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը և ամբիոնի աշխատակիցների շահերը»,-ասաց Սահակյանը:

Նա հավելեց, որ կառավարությունում կարծել են, որ Արտավազդ Սահակյանն է նման բան ցանկանում: «Այստեղ գրված է՝ խնդրում է, որ ռեկտորը համաձայնությունը տա, որ Արտավազդ Սահակյանը այստեղ շարունակի աշխատել, որպես միկրովիրաբույժ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ առաջարկվում է Համալասարանական թիվ 1 հիվանդանոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բաժանմունքը, կառուցել ժամանակակից վիրահատարաններ, մասնաշենքի 1-ին հարկում տեղակայել լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքը, իսկ 2-րդ հարկում՝ հիվանդասենյակները: