Արցախցի Ալվարդն արդեն երկրորդ տարին է, որ Հայաստանում է դպրոց հաճախում, սեպտեմբերի 1–ին՝ առաջին անգամ։ Իր ծննդավայրում նա հասցրել էր սովորել ընդամենը 26 օր։ Առինջ գյուղի դպրոցում Ալվարդին շատ լավ են ընդունել, սակայն Մատաղիսի դպրոցի վեցհոգանոց դասարանում անցկացրած մի քանի շաբաթը Ալվարդը, միևնույնն է, կարոտով է հիշում։
«Ես իմ դպրոցը չեմ մոռանա։ Իմ դպրոցական ընկերները հիմա ապրում են Հայաստանում, բայց մեզանից շատ հեռու են։ Ես իրենց զանգում եմ, գրում եմ, խոսում եմ իրենց հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալվարդը։
Այդուհանդերձ, 7–ամյա աղջկա վերջին հիշողությունները Արցախից պատերազմի դրվագներն են։
«Առավոտյան կրակեցին, մաման արթնացավ, ասաց՝ երեխեք կրակում են, մտածեցինք՝ կատակ է։ Մենք Մատաղիսը տեսել էինք, որ կռվում էին սաղ։ Թուրքը մտնում էր մեր տուն արդեն։ Մեր տանը խփեցին տանկով։ Սաղ տեսել եմ»,- ասաց նա։
Մատաղիսի ամենալուսավոր հիշողությունը, սակայն, հոր հետ անցկացրած ժամանակն է, որն, ովարտվեց սեպտեմբերի 27-ի լուսաբացին։
«Ամեն օր ինձ գրկում էր, տանում էր ինձ դպրոց բերում։ Մատաղիսում շատ կառուսելներ կար ու բարձր-բարձր բաներ։ Մենք բարձրանում էինք էնտեղ, բայց պապան չէր թողնում, ասում էր՝ ես կգամ նոր։ Պապան որ գալիս էր բարձրանում էինք թռնում էինք ինքը բռնում էր ու այ տենց խաղում էինք»,- հիշեց Ալվարդը։
44-օրյա պատերազմը երկրորդն էր Հովհաննիսյանների ընտանիքի համար։ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի հետևանքով, ընտանիքը ստիպված էր լքել Թալիշը։ Կապիտան Երվանդ Հովհաննիսյանը վիրավորվելու հետեւանքով մասամբ կորցրել էր լսողությունը։ Այս անգամ պատերազմը խլեց նրա կյանքը։ Երվանդը զոհվեց պատերազմի առաջին օրը, սակայն մարմինը գտան մարտի 2-ին։ Զինվորականի կյանքն ընտրած կապիտանը կնոջ երեք անչափահասների հետ մենակ թողնելու վախը միշտ ունեցել էր։
«Մեզ միշտ, ինչպես յուրաքանչյուր զինվորական, պատրաստում էր, որ կարող է մի օր չլինել։ Չորքշաբթի օրն ասաց, թե ինչ կլինի մեզ հետ, երբ ինքը զոհվի։ Միջնեկ տղաս լաց եղավ։ Ասացի՝ Երվանդ, մի ասա նման բաներ։ Պատասխանեց՝ լավ, կատակ եմ անում, ես հիմա չմահացա»,- պատմեց Երվանդի կինը՝ Թամարա Խաչատրյանը։
«Եռաբլուրում» հուղարկավորված Երվանդին երեխաները գրեթե ամեն օր են այցելում։ Արտյոմը նախօրեին առաջին դասարան է գնացել, դպրոցից առաջ՝ «Եռաբլուր» գնացել։ Վեցամյա Արթուրը երազում է զինվորական դառնալու մասին՝ ինչպես հայրը։
Երեխաների մայրը՝ Թամարան, այժմ չի աշխատում։ Ծրագրավորում է սովորում, որ ապագայում կարողանա տնից աշխատել։ Առայժմ ընտանիքն ապրում է նպաստներով, Առինջում վարձակալած տանը։
Ընտանիքին օգնել ցանկացողները, կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝
098222671











