Թուրքիայի նոր կառավարությունը, որը ձեւավորել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, կշարունակի իր ուշադրությունը սեւեռել տնտեսական եւ արտաքին քաղաքական խնդիրների վրա: Այս մասին գրում է թուրքական Today`s Zaman-ը:

Վարչապետ Էրդողանը կառավարության կազմը գրեթե անփոփոխ է թողել, դրանով պարգեւատրելով դրական գործունեության համար, հատկապես տնտեսական աճ ապահովելու առումով: Նա կառավարություն է բերել 6 նոր նախարարների եւ երեք նախարարի տեղափոխություն կատարել:

ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով համարվում է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության ճարտարապետը, նույնպես պահպանել է իր պաշտոնը: Թեեւ նա ձախողել է մի շարք արտաքին քաղաքական նախաձեռնություններ, սակայն կարողացել է բարձրացնել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում եւ աշխարհում:

Դավութօղլուն, ով առանձնանում է իր աշխատասիրությամբ, Թուրքիային փորձում է միջնորդ դարձնել հարեւան երկրների միջեւ հարաբերություններում: Նրա առաջ այս պահին կանգնած են Մերձավոր Արեւելքի ցնցումների, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման խնդիրները: