Գլենդեյլում երեքշաբթի 18-ամյա վարորդ Ալինա Դավթյան- Թաղիաբադը ձերբակալվել է այն բանից հետո, երբ, ենթադրաբար, վրաերթի ենթարկելով 6-ամյա տղային, փախչել է: Այդ մասին հաղորդում է Glendale News-Press-ը:
Ալինա Դավթյան- Թաղիաբադը կալանավորվել է քրեական հանցագործության կասկածանքով` վրաերթի ենթարկելով երեխային եւ փորձելով փախչել դեպքի վայրից:
Երեխան աջ ոտքի վնասվածք է ստացել: «Վթարներ լինում են, սակայն չեք կարող թողնել մարդուն կամ հեռանալ դեպքի վայրից»,-ասել է ոստիկանության սերժանտը:
Մեքենայի անիվն անցել է փողոցում հայտնված երեխայի ոտքի վրայով: Մի մարդ մոտեցել է երեխային եւ թակելով մեքենայի ապակին, վարորդին ասել է, որ առաջ շարժվի` երեխայի ոտքն ազատելու համար: Դավթյան- Թաղիաբադն ազատել է երեխայի ոտքը, սակայն կանգնելու եւ օգնության ցուցաբերելու փոխարեն` հեռացել է:
Նա սկզբում ժխտել է, որ վրաերթի է ենթարկել երեխային, սակայն հետո ենթադրաբար ընդունել է մեղքը: Ալինա Դավթյան- Թաղիաբադը բաց է թողնվել կալանքից` 50 000 դոլար գրավի դիմաց:



























