Քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու, գերբեռնվածությունը թոթափելու եւ միկրոավտոբուսներից աստիճանաբար հրաժարվելու նպատակով Երեւանի քաղաքապետարնն առաջիկայում Չինաստանից 200 ավտոբուս կներկրի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը։
Նրա խոսքով, բոլորովին նոր ավտոբուսները Չինաստանից Հայաստան կհասնեն սեպտեմբերին, ինչից հետո անմիջապես կսկսեն շահագործվել։ «Սակայն առաջին խմբաքանակից հետո նախատեսում ենք ներկրել նաեւ երկրորդը, քանի որ այս պահի դրությամբ, Երեւանի տրանսպորտային գերբեռնվածությունը թեթեւացնելու համար անհրաժեշտ է առնվազն 800 նման փոխադրամիջոց»,- նշեց Արթուր Գեւորգյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Չինաստանից ներկրվող ավտոբուսները լինելու են միջն եւ մեծ տարողունակության եւ տեղավորելու են 60 եւ ավելի ուղեւորների։
«Ավտոբուսները Հայաստան ներկրվելու են չինական դրամաշնորհի շրջանակներում։ Պարզապես Երեւանի քաղաքապետարանը ցանկություն հայտնեց գումարի փոխարեն ստանալ տրանսպորտային այդ միջոցներ»,- բացատրեց Գեւորգյանը։
Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ ավտոբուսների երթուղիները դեռեւս նախանշված չեն, եւ այդ հարցը կորոշվի փոխադրամիջոցների՝ Երեւանում լինելուց հետո։




























