ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն ու ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռեւս չեն դարձել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ։ Փոխարենը կուսակցությանն արդեն անդամագրվել է Արարատ Զուրաբյանը։ Այդ մասին երեկ «ՀԺ»-ին  հայտնել է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ ԱՆ պետական ռեգիստրից տեղեկացանք, որ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ «Ազատ դեմոկրատները» որպես կուսակցություն գրանցվել է երեկ։ Մեկ ամիս առաջ, երբ Քոքոբելյանին հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ դեռեւս չգրանցված կուսակցության գրասենյակ է այցելել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը, նա ասել էր, որ «Ազատ դեմոկրատները» գրանցելու մեջ դժվարություն չկա, քանի որ այն ստեղծվում է «Երրորդ հանրապետության» հենքի վրա։ Պետռեգիստրից թերթին  փոխանցել են, որ դա օրենքով հնարավոր չէ, եւ նոր կուսակցություն գրանցելու համար Քոքոբելյանը նոր փաստաթղթեր է ներկայացրել։