Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան կարող է դառնալ Ջոն Հեֆերնը։
Նա ծնունդով Միսսուրիից է, ավարտել է Միչիգանի պետական համալսարանը։ Սկսած 1982-ից՝ ԱՄՆ արտաքին գերատեսչական աշխատանքում ծավալած իր կարիերայի ընթացքում նա մասնագիտացել է Արեւելյան Ասիայի, մասնավորապես, Մալայզիայի, Ճապոնիայի, Չինաստանի եւ Ինդոնեզիայի խնդիրների մեջ, որտեղ էլ դիվանագիտական առաքելություն է իրականացրել։ Ներկայումս Հեֆերնն աշխատում է ՆԱՏՕ-ի ամերիկյան ներկայացուցչությունում՝ Բրյուսելում։
Իր կարիերան նա սկսել է Չինաստանից, այնուհետ աշխատել է Թայվանում, Փղոսկրի Ափում, Ջակարտայում։ Հեֆերնը հետո աշխատանքի է անցել Վաշինգթոնում։
Հինգ երեխաների հայր է։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հեֆերնի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելու հնարավորությունները՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նկատեց, որ Հեֆերնը նախկինում աշխատել է որպես մի կոնգրեսականի օգնական, ով, մեղմ ասած, չի առանձնացել իր հայամետ հայացքներով։ «Սակայն ինքը՝ Հեֆերնը, հայ ժողովրդին հուզող հարցերի շուրջ իր դիրքորոշումը երբեք չի արտահայտել, այդ պատճառով էլ նրա թեկնածության մասին վաղօրոք եզրահանգումներ չարժե անել։ Ամեն բան պարզ կլինի հուլիսի 13-ին, երբ ԱՄՆ Սենատում կքննարկվի Հայաստանում նրա թեկնածության հարցը։ ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակը Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովին կոչ է արել Հերֆերնին տալ հայ ժողովրդին հուզող բոլոր հարցերը՝ սկսած Ցեղասպանությունից, վերջացրած հայ-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններով։ Կախված վերջինիս պատասխաններից՝ ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակը կճշգրտի Հեֆերին թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը»,- ամփոփեց Մանոյանը։




























