NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Ալեքս Ռենթոնի անդրադարձը` հրապարակված BBC News կայքում:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանի վրա բարձրանում է հսկայական կարմիր քարե ամրոցը, որը կարող էր լինել պալատ, բանտ, բայց, իրականում, Երեւանի կոնյակի գործարանն է եւ ընկերության շտաբ-բնակարանը:

Հսկայական թորման կաթսաների եւ դեռեւս 1887 թվականին ֆրանսիացի արտադրողների օրինակով պատրաստած հին կաղնե տակառների միջեւ կան թունդ ու հնաորակ  «Արարատ Դվինի» մի քանի շիշ: Այդ խմիչքը հնարավոր է` Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայի բաժանման ժամանակ են խմել: Հայերը սիրում են Չերչիլի հայտնի պատասխանը երկարակեցության վերաբերյալ. «Կուբայական սիգարներ, հայկական կոնյակ եւ ոչ մի սպորտ»: Ցավոք, այդ մեջբերումը Չերչիլի ոչ մի կենսագրությունում, կամ արխիվում գտնել չի հաջողվում: Սակայն նա հաստատ շատ էր սիրում կոնյակ: 1945 թվականին, 71 տարեկանում Չերչիլը խոստովանել է, որ իր խմած կոնյակով հնարավոր կլիներ երեք վագոն լցնել: Փաստ է նաեւ այն, որ պատերազմի ժամանակ Իոսիֆ Ստալինը մի քանի տասնյակ արկղ հայկական կոնյակ է ուղարկել Չերչիլին: 1945-ի Յալթայի կոնֆերանսում Ստալինը, Չերչիլն ու Ռուզվելտը նույնպես շատ են խմել: Չերչիլի օգնականներից մեկը Յալթայում գրել է, որ Չերչիլը «դույլերով խմել է կովկասյան շամպայն, որը կարող էր շարքից հանել սովորական մարդու առողջությունը»:

Գործարանում շրջելիս Արմինե Ղազարյանը հայտնեց, թե ընկերությունը Յալթայի կոնֆերանսը նախապատրաստած հայ լրտեսից իմացել է, որ «Դվին» կոնյակը պաշտոնապես մատուցվում էր ամբողջ օրվա ընթացքում: Սակայն այդ մարդը մահացել է անցած տարի:

Բրենդին Հայաստանի արտահանման գլխավոր արտադրանքն է: Հայաստանի համար շատ բարդ է այս օրերին գլուխը բարձր պահել տնտեսական իմաստով: Այդ պատճառով Երեւանի կոնյակի գործարանը (այժմ պատկանում է ֆրանսիական «Pernod-Ricard» ընկերությանը) փորձում է նոր շուկաներ գրավել: Այստեղից էլ բխում է Չերչիլի հետ կապ գտնելու անհրաժեշտությունը:

Հայկական լեռներում մենք հանդիպեցինք երկրի գինեգործության համար հումք ապահովող գյուղացիների հետ: Պայմանները չափազանց բարդ են: Ես հանդիպեցի ընտանիքների, որոնք ապրում էին գարնանային ձյան տակ ծլած կանաչու շնորհիվ: Նրանց երեխաները բժիշկ չեն տեսել: Ոմանք վերջին վեց ամիսներին մեկ անգամ են միս կերել: Այնքան լուրջ են այդ խնդիրները, որ «Օքսֆամը» իրականացնում է նույն ծրագրերը, ինչ Աֆրիկայի ամենաաղքատ շրջաններում:

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք Հայաստանի այդ շրջանները հասցրել են  աղքատության: Հայաստանը համեմատելի է աշխարհի ամենաթույլ զարգացած երկրների հետ: Աշխարհագրությունը նույնպես չի օգնում: Հայաստանը փակուղային երկիր է, որը պատմական վեճերի պատճառով չունի առեւտուր երկու հարուստ հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Հայաստանը ստիպված է ներմուծել պարենի հիմնական մասը: Սննդամթերքի գներն աճում են սարսափելի տեմպերով` անցած տարի 14 տոկոս: Միայն ցորենի ալյուրը թանկացել է երկու անգամ:

Կլիմայական փոփոխությունները` ավելի շոգ ամառը, ավելի հորդառատ անձրեւները եւ չոր ու ցուրտ ձմեռը հարվածում են գյուղատնտեսությանը:

Չերչիլի բրենդը` «Դվինը» այսօր հազվադեպ է արտադրվում: Բայց ես գտա մի շիշ Երեւանի կենտրոնի տուրիստական խանութներից մեկում: Շիշն արժեր 100 դոլար: Բայց ես պետք է փորձեի: Գավաթի մեջ այն հաճելի էր, սովորական կոնյակից ավելի մուգ եւ հարուստ համով: Այն անմիջապես խփեց գլխիս: «Դվինի» թնդությունը 50 աստիճան է` ֆրանսիական կոնյակների մեծ մասից 10 աստիճանով թունդ: Բայդ դա ստիպում է շողշողալ: Մի գավաթից հետո բարեհոգության խոր զգացում են ունենում, երկրորդից հետո զգում ես, որ կարող ես վերջացնել մեծ կուբայական սիգարը, բայց ոչ մի սպորտ: