Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել «Եհովայի վկայի» օգտին, ով Հայաստանում դատապարտվել էր զինծառայությունից հրաժարվելու համար:
Դատարանի այս որոշումը պատմական է, որով առաջին անգամ բացահայտորեն ընդունվում է գաղափարական պատկերացումների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, ինչը ողջունվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության կողմից: Այս մասին գրում է Canada Views-ը` հղում կատարելով Amnesty International-ին:
«Այս որոշմամբ եվրոպական իրավունքն այդ մասով արդեն հստակորեն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Ադրբեջանն ու Թուրքիան եվրոպական այն եզակի պետություններն են, որոնք նման իրավունք չեն նախատեսում եւ անհապաղ պետք է դա անեն»,-ասել է Amnesty International-ի իրավունքի եւ քաղաքականության հարցերով տնօրեն Մայքլ Բոչենեկը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հուլիսի 7-ին վերջնական վճիռ էր կայացրել «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ըստ որի խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հռչակում է մտքի, խղճի եւ կրոնի ազատություն:
2001թ-ին անդամակցելով Եվրախորհրդին` Հայաստանն ստանձնել էր նաեւ 2003 թ-ին այլընտրանքային զինծառայության մասին օրենք ընդունելու պարտավորություն, սակայն Բայաթյանն այլընտրանքային ծառայության անցնելու հնարավորություն չի ունեցել: Նա 2001թ. հրաժարվել է զինծառայությունից եւ պատրաստակամություն է հայտնել անցնել այլընտրանքային զինծառայության, սակայն Հայաստանում դեռեւս այդ մասին օրենք չի եղել:




























