Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռաֆիկ Բաղդասարյանը NEWS.am-ի խնդրանով պարզաբանեց նախարարության կարիքների համար Համաշխարհային բանկի վարկերի հաշվին ձեռք բերվող սարքավորումների արժեքի հետ կապված տարաձայնությունները:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 12-ի կառավարության նիստի ընթացքում, հղում անելով ՀՀ Վերահսկիչ պալատին, հայտարարեց, որ ՀԲ վարկերի հաշվին ձեռք են բերվում սարքավորումներ շուկայականից զգալի թանկ գներով: Քննադատություններից մեկն էլ վերաբերում էր էկոնոմիկայի նախարարության պատվերով ձեռք բերվող լաբորատոր սարքավորումներին:

Վ. Բաղդասարյանի խոսքով` իրենք երբեք Վերահսկիչ պալատի գրավոր եզրակացությունը չեն ստացել, եւ հստակ տեղեկություններ չունեն, թե խոսքն ինչի մասին է: Բացի այդ` ստուգումներն իրականացվում են գնումների գործընթացից մի քանի տարի հետո, սակայն 5 տարի հետո դժվար է ասել, թե գնված ապրանքը թանկ է՞, թե՞ էժան: Տարիների ընթացքում սարքավորումները բարոյապես մաշվում են եւ հնանում, այդ պատճառով էժանանում են: Բացի այդ` իր հետեւանքներն է թողել նաեւ ճգնաժամը, որի ազդեցությամբ նույնպես գնային անկումներ են եղել: Լաբորատոր սարքավորումներ ձեռքբերելիս գնի մեջ ներառվում են նաեւ փորձարկումը, կադրերի ուսուցումը, նյութերի մատակարարումը:

Մասնավորապես` որակի տեսչության համար ՀԲ վարկով գնվել է «Ֆորդ Ջումբո» մակնիշի ավտոմքենայի բազայի վրա նավթամթերքի փորձարկման լաբորատորիա: Ըստ Բաղդասարյանի` գնման գործընթացը կազմակերպում է ՀԲ-ի ԾԻԳ-ը, իսկ նախարարությունը ներկայացնում է պահանջները: ՀԲ-ն, ըստ նախարարության պաշտոնյայի, ունի մրցույթի անցկացման իր սեփական կարգը, որը տարբերվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերից: ՀԲ ընթացակարգը շատ ավելի մանրակրկիտ ու խիստ է, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: