Հայաստանի ֆինանսների նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի միջեւ տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե առաջիկա տարիներին որքան սոցիալական ապահովության վճարներ պետք է հավաքագրվի պետական բյուջե:

Ֆինանսների նախարարության հաշվարկներով` 2012 թ. ՊԵԿ-ը պետք է ապահովի 142.1 մլրդ դրամ սոցապ հատկացումներ` 18 մլրդ դրամով ավելի, քան 2011 թ.: ՊԵԿ-ում այս հաշվարկը համարում են անիրատեսական: ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հաշվարկներով` լրացուցիչ 18 մլրդ դրամ սոցապ վճար հավաքագրելու համար երկրում պետք է ստեղծվի 165 հազ. նոր աշխատատեղ` ամսական 50 հազ. դրամ աշխատավարձով:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ դրան հակադարձում է, թե սոցապ վճարները պետք է ավելանան ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծելու, այլեւ աշխատավարձերի ստվերը կրճատելու հաշվին:

Այս բանավեճը ստիպում է եւս մեկ անգամ հայացք նետել սոցապ վճարների խնդրին: Սոցապ վճարները աշխատավարձերից հաշվարկվում են թոշակները վճարելու համար: Հենց սոցապ վճարների ցածր մակարդակը ստիպեց կառավարությանը` քայլեր իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ, անցնել այսպես կոչված կուտակային համակարգին: Խնդիրն այն է, որ սոցապ վճարները ապահովում են թոշակների հազիվ 60-65 տոկոսը: Օրինակ` 2011 թ. թոշակների վճարման համար պետբյուջեից պետք է ծախսվի մոտ 200 մլրդ դրամ, այնինչ պլանավորված է հավաքագրել մոտ 125 մլրդ դրամ սոցապ վճար, այսինքն` ծախսածածկումը մոտ 62 տոկոս է: Դա այն դեպքում, որ 2011 թ. սոցապ հատկացումների պլանավորված մակարդակը ռեկորդային է Հայաստանի համար, քանի որ 2010 թ. հաջողվել էր հավաքագրել ընդամենը 105 մլրդ դրամ: Պետեկամուտների կոմիտեն պետք է շատ ջանքեր թափի, որպեսզի կարողանա ամեն տարի 20 մլրդ դրամի չափով ավելացնել սոցապ հատկացումները:

Այսպիսով` սերունդների համերաշխության սկզբունքը Հայաստանում չի գործում` ներկա սերունդը չի կարողանում ֆինանսավորել ներկայիս կենսաթոշակառուներին: Փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ այս ճեղքվածքը գնալով խորանալու է: Հետեւաբար` կենսաթոշակների բարձրացման հարցը մղվում է երկրորդ պլան, իսկ պարտադիր կուտակային համակարգն այլեւս այլընտրանք չի ունենա: 

Սակայն այնուամենայնիվ խոստովանենք, որ Հայաստանում ստվերային (չհարկվող) աշխատավարձերը դեռեւս մեծ տոկոս են կազմում: Եթե մի պահ համարենք, որ բոլոր աշխատավարձերը դուրս են ստվերից, կառավարությունն առանց դժվարության կհավաքագրի իրեն անհրաժեշտ 200 մլրդ դրամը, իսկ կենսաթոշակային բարեփոխումների հարցում շտապողականության անհրաժեշտությունը կվերանա: Ուստի անիրատեսական է ոչ թե այն, թե հնարավո՞ր է  20 մլրդ-ով ավելացնել սոցապ հատկացումները, այլ այն, թե հնարավո՞ր է կրճատել աշխատավարձի ստվերը:

 

Սամվել Ավագյան