Երեւանի մի քանի փողոցներում մինչեւ 80կմ/ժամ արագության թույլատրումը ճանապարհատրանսպորտային պատահարների աճի չի հանգեցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Մարդոյանը:
Հիշեցնենք, որ արագության նման ռեժիմ է սահմանվել մայրաքաղաքի երեք փողոցների` Արշակունյաց, Իսկովի պողոտաների եւ Թբիլիսյան խճուղու համար:
Ըստ Ա. Մարդոյանի, այս որոշումը կայացվել է բազմաթիվ քննարկումներից հետո, համաձայնեցնելով Երեւանի քաղաքապետարանի հետ: «Դա ճիշտ որոշում էր, որը թույլ տվեց որոշ չափով բեռնաթափել այս փողոցներում տրանսպորտի հոսքը, հատկապես որ ճանապարհների կառուցվածքը հնարավորություն է տալիս արագության նման ռեժիմ սահմանել»,-ասաց Մարդոյանը` ավելացնելով, որ ժամվա ընթացքում այս փողոցով անցնում է 1300-1600 տրանսպորտային միջոց: Միաժամանակ նա ընդգծեց, որ արագության ռեժիմի փոփոխությունը ՃՏՊ-ների աճի չի հանգեցրել:
Նշենք, որ հանրապետությունում ավելի քան 400 հազար տրանսպորտային միջոց կա, որից մոտ 250-300 հազարը երթեւեկում են Երեւանում: «Սա շատ լուրջ թիվ է Երեւանի համար, նման ծանրաբեռնվածությունը երթեւեկությունը դժվարացնում է »,-նշեց Մարդոյանը` ավելացնելով, որ պոտենցիալ «դժվար» խաչմերուկներում հերթապահություն է սահմանվել:




























