Հուլիսի 1-ից Ռուսաստանը հանեց հացահատիկի արտահանման էմբարգոն: Դա միջազգային շուկայում հանգեցրեց ցորենի գնի նվազման: Կրակին յուղ լցրեց նաեւ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հայտարարությունն այն մասին, որ հացահատիկայինների պաշարներն ու ամերիկյան ֆերմերների ցանքատարածություններն ավելացել են: Արդյունքում` միջազգային շուկայում ցորենի գինը գրեթե 30 տոկոսով ավելի էժան է, քան տարեսկզբին, եւ 23 տոկոսով ավելի էժան, քան մեկուկես ամիս առաջ: Ավելին` ըստ եվրոպական լրատվամիջոցների` Ռուսաստանն սկսել է ցորենի շուկայում դեմպինգ իրականացնել`շահելով Եգիպտոսի, Հորդանանի եւ այլ երկրների մատակարարման մրցույթները:
Հուլիսի 8-ին Չիկագոյի բորսայում 1 տոննա փափուկ ցորենն արժեր մոտ 230 դոլար (ընդ որում` սա շաբաթվա բարձր գինն է), իսկ Փարիզի եւ Լոնդոնի բորսաներում ավելի բարձրորակ ցորենի տոննան արժե մոտ 275 դոլար: Համեմատության համար նշենք, որ փետրվարի սկզբում ցորենի գինը Չիկագոյի բորսայում 315 դոլար էր, իսկ Փարիզի MATIF բորսայում՝ 377,5 դոլար։
Եթե միջազգային շուկայում ցորենի գինը նման կտրուկ նվազում է ապրել, ապա բնական է սպասել, որ Հայաստանում պետք է էժանանան ալյուրն ու հացը: Բայց գործնականում հացի գնի նվազում չկա, իսկ ալյուրի էժանացումը այնքան չնչին է, որ խոսք անգամ լինել չի կարող միջազգային միտումների հետ համապատասխանության մասին:
NEWS.am-ի հարցումները Սուրմալու տոնավաճառում ցույց տվեցին, որ բարձր կարգի Արմաշի ալյուրը վաճառվում է պարկը 12.1 հազ. դրամով կամ 1 կգ-ը 242 դրամով: Փետրվար-մարտի գների հետ համեմատած` ալյուրի մեծածախ գինը հուլիսին Հայաստանում էժանացել է ընդամենը 10 դրամով կամ մոտ 4 տոկոսով:
Այսպիսով` հերթական անգամ մենք ականատես ենք, որ ալյուրի ու հացի գները Հայաստանում համահունչ չեն միջազգային շուկայի գներին:
Նշենք, որ ալյուրի շուկան Հայաստանում համարվում է ամենաբարձր կենտրոնացվածության աստիճան ունեցողներից մեկը: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով` «Ալեքս Գրիգ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները այս շուկայում ունեն ավելի քան 80 տոկոս մասնաբաժին:
Սամվել Ավագյան




























