Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Բուլղարիա է մեկնել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ահմեդ Թուրքի, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Քեմալ Դեղիրմենդերելի եւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Նեջաթի Օզենսոյի հետ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը մինչ Բուլղարիա մեկնելը հայտարարել է, թե ինքը Բուլղարիա մեկնելու համար հրավիրել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորներին, քանի որ նրանք ժողովրդի կողմից են ընտրված։

Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները, իսկ «Ժողովրդա-հանրապետական»-ը հրաժարվել է երդվել։

Քրդական կուսակցությունը բոյկոտի որոշումը կայացրել է, այն բանից հետո, երբ Ընտրական բարձրագույն խորհուրդը պատգամավոր չի գրանցել Դիարբեքիրից ընտրված Հաթիփ Դիջլեյին։  «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն էլ հրաժարվել է երդման արարողությունից, քանի որ դատարանը մերժել է ազատ արձակել պատգամավոր ընտրված Մեհմեդ Հաբերալին եւ Մուսթաֆա Բալբային, ովքեր որպես մեղադրյալ են անցնում սկանդալային «Էրգենեկոն»-ի գործով։