Զարմանալի կլիներ, եթե Վրաստանի եւ Հայաստանի միջեւ կրոնական անհամաձայնություններ լինեին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, գրում է վրացական Presage.tv գործակալությունը:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալանդաձեն, վրացական կողմի համար անհասկանալի կլինի, եթե Վրաստանում կրոնական միավորումներին կարգավիճակ տալու հետ կապված հարցերը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ անհամաձայնություն առաջացնեն:

«Ինքս էլ կզարմանամ, եթե որեւէ խնդիր առաջանա, քանի որ վրացիները եւ հայերը միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել»,- ընդգծել  է ԱԳ փոխնախարարը, ավելացնելով, որ Հայ առաքելական եկեղեցու համար նույնպես զարմանալի կլինի, եթե կրոնական միավորումներին իրավական կարգավիճակ տալու հարցի շուրջ որեւէ անհամաձայնություն առաջանա:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով փոփոխություններ է կատարել քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ է տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: Հուլիսի 5-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է այդ փաստաթուղթը: