Փրկարարները ջրի մակերես են հանել Վոլգա գետի վրա ջերմանավի կործանման 48-րդ զոհի դիակը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Թաթարստանի ԱԻՆ օպերատիվ շտաբը:
Երկտախտակամած «Բուլղարիա» ջերմանավը, որ կառուցվել է 1955թ. Չեխոսլովակիայում, խորտակվել է կիրակի օրը, ափից 3 կմ հեռավորության վրա: Նավը Բոլգար քաղաքից ուղեւորվում էր դեպի Կազան: Նավի վրա 208 մարդ է եղել, այդ թվում 25 չգրանցված մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանվել է 41 դիակ: Փրկվել է ընդամենը 79 մարդ, մյուսների ճակատագիրն անհայտ է:
Աղետի հանգամանքները պարզվում են:
«Վզգլյադի» փոխանցմամբ, գլխավոր դատախազությունում հայտնել են, որ Թաթարստանում վթարված ջերմանավը վերանորոգվել է 30 տարի առաջ, եղել է վթարային վիճակում, եւ ուղեւորափոխադրումների արտոնագիր չի ունեցել:
Մեդվեդեւը հուլիսի 12-ը սգո օր է հայտարարել, նաեւ հանձնարարել է համընդհանուր ստուգման ենթարկել տրանսպորտային բոլոր միջոցները Ռուսաստանում:
Քննիչների տվյալներով, «Բուլղարիան Կազանից դուրս էր եկել անսարք ձախ շարժիչով: Անձնակազմի փրկված անդամները հայտնել են, որ բաքը կիսով չափ է լցված եղել վառելիքով, մինչդեռ հրամանատարը «ինչ-որ մեկի» հրահանգով որոշել է շարունակել ուղին:



























