Կիրակի Կահիրեի քրեական դատարանը մահապատժի է դատապարտել երկրում ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ​​միության 10 կողմնակիցների դիվերսիոն գործունեության համար: Այս մասին հայտնում է Al Youm As Sabi լրատվական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործում, որը ստացել է «Հելուանյան բրիգադները» (Կահիրեի Հելուան արվարձանի անվամբ) անվանումը, ներգրավված է 215 մարդ։ Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր, որ մեղադրյալները 2013 թվականի օգոստոսից մինչեւ 2015 թվականի փետրվարը ղեկավարել են ընդհատակյա ցանցը, որը գործել է Կահիրե եւ Գիզա նահանգներում, պետական ​​համակարգը խարխլելու նպատակով, զինված հարձակումներ են իրականացրել անվտանգության ուժերի դեմ եւ վնաս պատճառել պետական ​​գույքին, հիմնականում՝ էլեկտրական ցանցերին։

Դատավճիռները նախնական բնույթ են կրում եւ, երկրում գործող օրենսդրության համաձայն, կուղարկվեն հանրապետության գերագույն մուֆթիին, որը կարող է ինչպես հաստատել, այնպես էլ մերժել դրանք։ Սակայն նրա որոշումը խորհրդատվական բնույթ է կրում: Վերջնական վճիռները դատարանը պետք է հրապարակի հունիսի 19-ին կայանալիք նիստին:

Վերջին տարիներին 2013 թվականի ամռանն իսլամիստներին իշխանությունից հեռացնելուց հետո Եգիպտոսի դատական ​​համակարգը մահապատժի է դատապարտել «եղբայրների» տասնյակ առաջնորդների եւ կողմնակիցների, ինչպես նաեւ՝ տարբեր զինյալների, այդ թվում՝ գրոհայինների փոքր բջիջներից եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից»: Դրանցից մի քանիսն արդեն իրականացվել են։