Ռուսաստանը չի բացառում ուկրաինական կողմից սադրանքները։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող բացառել ուկրաինական կողմից սադրանքները: [ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն] հայտարարել են, որ նման սադրանքներ կարող են լինել»,- ասել է Նեբենզյան: «Հիշու՞մ եք 2014 թվականը, երբ եղավ «Մինսկ-1»-ը, երբ ուկրաինական ուժերը հարձակում սկսեցին [ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի վրա]: Մենք փորձում ենք խուսափել դրանից»,- նշել է դիվանագետը: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերն լիովին անընդունելի են»։
Նրա խոսքով, Ռուսաստանը մտահոգված է, որ Արեւմուտքի երկրները Կիեւի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ սադրանքների դեպքում կարող են Մոսկվային մեղադրել դրա համար։ «Ես մտահոգված եմ, որ դա կարող է սցենար լինել։ Նույնիսկ մոտալուտ պատերազմի մասին խոսակցություններն ինքնին արդեն սադրանք են»,- ասել է մշտական ներկայացուցիչը։
«Մենք կանոնավոր զորավարժություններ ենք անցկացնում Բելառուսի հետ, կանոնավոր զորավարժություններ՝ մեր տարածքում: Բայց մեզ ասում են, որ մենք պետք է [զորքերը] դուրս բերենք այնտեղ, որտեղ նրանք եղել են: Բայց ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանին չեն գտնվում»,- ասել է Նեբենզյան:
Ընդ որում, Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում Ուկրաինա ներխուժելու հնարավորությունը, ընդգծել է դիվանագետը։ «Ես կարող եմ բացառել այս [ներխուժումը]»,- ասել է նա՝ անդրադառնալով համապատասխան հարցին։
Ռուսաստանը ֆանտազիաներ է համարում Արեւմուտքում տարածված հերյուրանքները Ուկրաինա իբր ծրագրված ներխուժման մասին, հավելել է մշտական ներկայացուցիչը։ «Մենք դեռեւս [չենք հասկանում], թե ինչու ենք այսօր նման հանդիպում անցկացնում»,- ասել է նա։- Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչու ենք այս հանդիպումն անցկացնում։ Ոմանք ֆանտազիաներ ունեն, թե Ռուսաստանն արդեն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի դեմ, նույնիսկ եթե դա տեղի չի ունեցել»։





























