Իմ գնահատմամբ՝ Եվրախորհուրդը, եվրոպական առանձին պետություններ իրենց որոշակի շահերն ունեն մեր պետությունում։ Եւ այս պարագայում հայտարարել, որ ժողովրդավարացման բարձր մակարդակի վրա ենք գտնվում եւ այլն, ունի որոշակիորեն իր նպատակները։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարի եթերում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հենց այդ զեկույցից հետո էր, որ մեր իշխանությունները սկսեցին շատ ավելի ազատորեն գործել։
«Եւ , ցավոք սրտի, պետք է ասեմ, որ հենց այդ զեկույցից հետո էր կամ բանաձեւից հետո էր, որ մեր իշխանությունները սկսեցին շատ ավելի ազատորեն գործել, շատ ավելի ազատորեն դատավորի նկատմամբ ոտնձգություն իրականացնել եւ այլն։ Սա իրենց համար դարձել է այցեքարտ։ Բայց դրանից, ըստ էության, իրականությունը չի փոխվում, չէ՞», - նկատեց Վարդանյանը։
Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2022 թվականի հունվարի 27-ին քննարկել է «ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» բանաձեւի նախագիծը, որի հեղինակներն են Ֆինլանդիայից պատգամավոր Քիմմո Քիլունենը եւ Շվեդիայից խորհրդարանական Բորիան Աբերգը։
Բանաձեւի վերաբերյալ քվեարկությունից առաջ ներկայացվել է զեկույց, որում նշվում է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականին երկրում քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո։
Բանաձեւն ընդունվել է 50 «կողմ» ձայներով ։ Ընդ որում, 16 պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ 14-ը դեմ է քվեարկել ։ «Դեմ» քվեարկողների թվում է նաև հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Հայաստանում զեկույցը եւ քվեարկության արդյունքները խիստ բացասական գնահատական են ստացել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից։ Նրանց կարծիքով՝ երկիրը շարժվում է դեպի բռնապետություն, քանի որ երկրում գործող իշխանությունն ամեն կերպ ոտնահարում է ժողովրդավարության բոլոր հիմնական սկզբունքները։











