ԲԴԽ նիստում դատավորի թեկնածուին պաշտոնական հարցազրույցի ժամանակ հարցնում են, թե Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դու ես, արդյոք քո կամքով ես ստորագրել կամ ինչի ես ստորագրել, ապա ենթադրում եմ, որ սպասելի էր, որ ժողովը այսօր չկայացավ:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ:
Հարցին, թե արդյոք կարող ենք ասել, որ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվել, որ այս ժողովը տապալվի, նա պատասխանեց. «Այս ժողովը գումարվել էր, որ հենց տապալվի, կանխվի, չեզոքացվի դատավորների նկատմամբ ճնշումը»: Դատավորը հնարավոեր համարեց, որ նույն օրակարգով էլի արտահերթ ժողով հրավիրվի, մեկ անգամ ժողովի չկայանալտ դեռ ոչինչ չի նշանակում:
«Գործընկերներից մեկն ասում է, որ սա այն իրավիճակն է, երբ պատուհանից տեսնում ես, որ բակում անմեղ մեկին ծեծում են մի քանի հոգով, կողքի բակից էլ են եկել ծեծում եւ բնական է, որ չես իջնի, որ կանխես: Ես այդ տարբերակին հակված չեմ, ես հակված եմ, որ բոլոր դատավորներն էլ իրենց իրավունքների համար մտահոգ են, եւ պայքարը տարբեր եղանակներով են տեսնում»,-ասաց նա:
Դատավոր Հարությունյանը տեղեկացրեց, որ այս ժողովում հայտարարության տեքստ պետք է ընդունեին, նախագիծը կար:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:











