Երևանում այսօր՝ հոկտեմբերի 2–ին մեկնարկած Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշին Մայր աթոռից ևս մասնակիցներ կան։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից աղոթքի նախաճաշին ներկայացված է Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։

Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: