Ես ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներին չեմ անդրադառնա, որովհետեւ այդպիսի ստույգ տվյալ չունեմ, բայց կարող եմ ասել, որ դատավորները պետք է հասկանան, որ դատական համակարգում առկա խնդիրները վերաբերում են բոլորին անխտիր։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:
«Դատավորների ընդհանուր ժողովին առանց հարգելի պատճառի չներկայանալը կարգապահական վարույթ հարուցելու հիմք է: Երկրորդ, այն օրակարգով, որով հրավիրված էր ընդհանուր ժողովը, ես չեմ կարծում, որ յդ հարցադրումները չեն վեաբերում որեւէ մեկ դատավորի ՀՀ-ում: Կարող է՝ դատավորների մի մասը կարծում է, որ երբեք իրենց չի առնչվելու այդ կարգապահական վարույթները, քրեական հետապնդումը: Բայց ես օրինակ, նման վստահություն չունեմ: Ես կարծում եմ, որ իրենք ավելի ապահովագրված կլինեն, եթե գան ընդհանուր ժողովին, մասնակցեն միության աշխատանքներին: Սա ավելի ապահով ճանապարհ է, քան նստել փակ գրասենյակում կամ դահլիճում, չներկայանալ ժողովի, չմասնակցել քննարկումներին ու կարծել, թե երբեք իրենց նման վտանգ չի սպառնալու»,-ասաց նա:
Անդրադառնալով րդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությնը՝ կապված 39-40 կոռումպացված դատավորների մասին, Նախշքարյանն ասաց. «Ես կցանկանամ, որ պարոն Անդրեասյանը պատասխանի՝ կոռումպացված դատավորներից մեկը ե՞ս եմ: Ես դեմ եմ, որ դատական իշխանությանը նման ոճով ու նման ճանապարհով փորձեն հեղինակազրկել։ Եթե դու չունես տվյալներ, եթե դու չունես անուններ, եթե դու չունես կոռուպցիայի դեպքեր, ի՞նչն է պատճառը, որ դու քո խոսքը ընդհանրական դատական իշխանությանն ես հասցեագրում: Կամ բարի եղիր հրապարակիր բոլորի անուն-ազգանունները եւ նրանց նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացրու, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը», - ասաց դատավորը:
Հիշեցնենք՝ «Ազատության» եթերում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա. «Ինչ-որ կլանային զգացողություններ կան։ Օրինակ, 93 դատավոր ստորագրում է ինչ-որ հայտարարության տակ։ Ես հո չեմ ասում՝ 93-ն էլ կոռումպացված է, բայց տեսնում ենք, որ էնտեղ մի 10, 20, 30 անուն կրկնվում է, հետո լինում է մի ուրիշ ակցիա, որտեղ տեսնում ենք, որ 4, 5-ն էն 30-ից հայտնվել են», - ասել էր նախարարը։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:











