Դատական օրենսգրքով ուղղակի պարտականություն է դրված դատավորների վրա՝ մասնակցել Դատավորների ընդհանուր ժողովին, թե ինչու չէին եկել, այ դա է մի քիչ հետաքրքիր, ուրբաթ օրով էդ ի՞նչ նիստեր էին անհապաղ քննարկման ենթակա, որ չեն եկել եւ քվորում չկարողացանք ապահովել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:
«Եթե կարողանում են այնպես ներազդել, որ դատավորը չգա ընդհանուր ժողովին, ապա այդպիսի դատավորը լուրջ խնդիրներ ունի»,-ասաց նա:
Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը՝ կապված 39-40 կոռումպացված դատավորների հետ, Արշակ Վարդանյանն ասաց. «Ցանկը ծանոթ չէ՝ ովքեր են ընդգրկված, կամ այդ ի՞նչ կոռուպցիա է, քաղաքական է, գումարային է... Այդ հարցի հասցեատերը ես չեմ: Պարոն Ազարյանը համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել, ԲԴԽ-ի ուշադրությունն էր հրավիրել այդ հանգամանքի վրա, որ ցանկացած հանրային ծառայող, այդ թվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են դրսեւորել վարքագծի որոշակի կանոններ, պահպանել այդ կանոնները: Արձագանքը որոշակիորեն կար, բայց ինձ որպես դատավորի, չէր բավարարում: Մի բան էլ այնտեղ դատավորներին էին առաջարկում, որ դուք այդ սահմանագիծը հանկարծ չանցնեք, կարող է դուք էլ խնդիրներ ունենաք վարքագծի հետ կապված»:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:











