Ասում էինք՝ 3 մլն վարչապետ կա, հիմա էդ 3 մլն վարչապետների որոշ մասն էստեղ է, եկեք լսեք, խոսեք: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Փարաքար համայնքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:
«Քո ասած 3 մլն վարչպետից մեկը ես եմ, արի լսի: Չես գալիս, մարդ ուղարկի»,-ասաց նա՝ դիմելով վարչպետ Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովուրդը չի նայում անձրեւին, ելել, պայքարում է իր արդար ձայնն է ուզում: Մեր պահանջն այն է, որ մենք Վոլոդյա Գրիգորյանին ընտրել ենք, ուզում ենք ինքը նստի համայնքի ղեկավար: Պահանջում ենք նոր ընտրություններ»,-ասաց համայնքի բնակիչը:
Նշենք, որ բողոքի ակցիայից հետո նրանք ավտոերթով շարժվել են դեպի մարզպետարան։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 21 հոգանոց ավագանու կազմում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», ՔՊ-ն ունի ընդամենը 2 մանդատ, իսկ իշխանամետ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9 մանդատ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում 10 ձայնով իր թեկնածու՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Ստեղծվեց մի վիճակ, երբ համայնքն ուներ երկու ղեկավար, երկուսն էլ պնդում էին, որ իրենք են լեգիտիմ ընտրված ղեկավարը։ Դավիթ Մինասյանը, այնուամենայնիվ, հաղթեց պետական մարմինների օգնությամբ։ Նախ ոստիկանությունը «Ապրելու երկիր» կուսակցության ընտրված թեկնածուին թույլ չտվեց մտնել երդմնակալության համար, ապա առաջին ատյանի վարչական դատարանը բավարարեց Դավիթ Մինասյանի դիմումը եւ չեղարկեց համայնքապետի ընտրության արդյունքները։
Դրանից հետո Դավիթ Մինասյան դաշինքը ավագանու նիստ հրավիրեց եւ ՔՊ–ի օգնությամբ 11 ձայնով ընտրեց իր թեկնածուին։
Համայնքի կառավարումը կիսվելու է՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն, Լյուդվիգ Գյուլնազարյանը:











