Սիսիան քաղաքի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչական եւ աշակերտական անձնակազմն այսօր՝ ապրիլի 5-ին, դասադուլ է իրականացրել։
Դպրոցի տնօրենի՝ Գագիկ Բալասանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մայիսի վերջին։ Դպրոցում մարտի 29-ին հայտարարվել է դպրոցի տնօրենի մրցույթ։ Մրցույթին չի ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպրոտի ներկայացուցիչը։ Ընտրության հաջորդ օրը նշանակվել է այսօր, սակայն այսօր եւս ներկայացուցիչ չի եկել։
«Դասադուլը, իհարկե, ծայրահեղ ձեւ է, դրան դեմ եմ եղել, ուսուցիչներին խնդրել եմ չանել, սակայն ուսուցչական անձնակազմը ԿԳՄՍ ներկայացուցչի բացակայության մեջ միտումնավորություն է տեսնում։ Ունենք իրավիճակ, որ այդ պատճառով արդեն երկրորդ անգամ տապալվում է դպրոցի տնօրենի ընտրությունը։ Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում այս ամենը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գագիկ Բալասանյանը։
Դպրոցի տնօրենը հայտնեց, որ բացի իր թեկնածությունից առաջադրվել է նաեւ Աղիտուի դպրոցի նախկին ուսմասվարի՝ Գայանե Յոլչյանի թեկնածությունը։
«Մենք կողմ ենք մեր տնօրենի թեկնածությանը, որովհետեւ նա 15 տարի է արդեն մեր դպրոցը ղեկավարում եւ շատ լավ է տեղյակ խնդիրներից։ Առհասարակ դպրոցի տնօրենը պետք է լինի գյուղից՝ մինչդեռ Գայանե Յոլչյանը մեր գյուղից չէ։ Մեր հստակ պահանջն է, որ ԿԳՄՍ ներկայացուցիչը ներկայանա մրցույթին։ Կապ չունի, թե որ թեկնածուն կընտրվի, կարեւորը, որ արդար լիներ ընտրությունը»,- ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը։
ԿԳՄՍ նախարարությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ընտրությունների առաջին փուլում ներկայացուցիչը չի եղել առողջական խնդիրների պատճառով, իսկ երկրորդ ներկայացուցիչի չներկայանալու պատճառը դեռ անհայտ է․ նախարարությունը պարզաբանում կպահանջի նրանից։











