7 տարի առաջ դաժանաբար սպանված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկ Բարսեղյանի ծնողները դժգոհ են մեղադրյալների համար դատարանի սահմանած պատժաչափից։ Լրագրողների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել կայացված դատավճռի դեմ։

«Գոնե մարդասպանին, ով անձամբ սպանել էր իմ որդուն, վկաների ցուցմունքով դա Գնել Թեւոսյանն է եղել, գոնե իրեն 20 տարով, 25 տարով կամ ցմահ ազատազրկման դատապարտեին։ Ոնց կլինի՝ անձամբ սպանողին էլ 15 տարի տաս, ոտք բռնողին էլ։ Դեպքից հետո մեզ ասում էին՝ խիստ պատիժ է սահմանված, արդար դատավարություն է լինելու, տեսնում ենք՝ ոնց եղավ, ես այսպես չէի սպասում։ Սա անարդար վճիռ էր։ Ուզում եմ իմանալ, Հայաստանում էլ ի՞նչ ձեւի դաժան հանցագործություն պիտի կատարվի, որ դա արժանանա ցմահ կամ 25 տարվա պատժի»,- նշեց նա։

Արկադի Բարսեղյանը պատմեց, որ այդ գործի վերաբերյալ խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Ասացի՝ օրենք ընդունենք, որ սենց դեպքերում ընտանիքը համարվի ավաճանի ընտանիք, ասաց՝ ցմահ ենք տալիս, ուրեմն դավաճան են, ո՞ւր է այդ ցմահը»։

Նշենք, որ 19-ամյա Հայկազի սպանության մեջ մեղադրվող չորս համակուրսեցիները մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել՝ յուրաքանչյուրը 15 տարվա ազատազրկման։ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Բարսեղյանին,ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը՝ մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Հայկազի ծնողները, որոնք յոթ տարի ամեն շաբաթ դատարան էին գալիս ու ապրում իրենց որդու սպանության մեղավորներին պատժված տեսնելու հույսով, ցնցված էին. դատախազը նրանց համար 20 տարի էր պահանջել, չէին սպասում, որ իրենց որդու հանդեպ այդքան դաժանորեն վարված երիտասարդների հանդեպ արդարադատությունն այդքան մեղմ կգտնվեր։