Գոյություն ունեցող տարբեր ձեւաչափեր, ինչպիսին է, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հիմա ըստ էության, գոյություն չունեն որպես քաաքական կամ քաղաքագիտական միավոր եւ այդ բոլոր խնդիրները վերաբերում են ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպմանը:
«Այստեղ չմոռանանք Իրանի դերակատարումը, որը երբեմն-երբեմն այդ երկկողմ շփումը դարձնում է եռակողմ, վկան Թեհրանի վերջին հանդիպումը:
Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա այստեղ ակնհայտ է, որ կա ռուս-թուրքական խորքային եւ երեւացող հակամարտություն: Մասնավորապես, ռուս խաղաղապահների ներկայությունը արդեն տեւական ժամանակ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին անհանգստացնում է եւ դրան վերաբերում են բարդույթով:
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ խորքային տարաձայնություններն ավելի շատ են, կարելի է ասել ոխերիմ բարեկամության շրջանակներում շարունակվում են ռուս-թուրքական հարաբերությունները: Եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան այլ;ընտրանք չունեն իրա հետ շփվելու, ոխերիմ բարեկամությունը շարունակելուն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա որպես գործոն գոյություն չունի: Հետեւաբար, այս ամբողջ գործընթացներում մենք դիտորդից ավելի ցածր կարգավիճակով մի սուբյեկտ ենք եւ ակնկալել, որ Ռուսաստանը մեր շահերը առաջ կտանի կամ կսպասարկի այնպես, ինչպես մենք ենք ուզում, դա բնականաբար, միամտություն է: Մենք պրոցեսին նայելու ենք կողքից եւ տեսնելու ենք, թե արդյոք ինչ-որ փշրանքներ մեզ բաժին է հասնելու, թե ոչ»,-ասաց Մելքոնյանը:
Անդրադառնալով Արցախում լարվածության աճին, նա նկատեց, որ դա թուրք-ադրբեջանական ձեռագիր է. «Սրա նպատակն է Ռուսաստանի համար ոչ կայուն, ոչ դուրեկան իրավիճակ ստեղծելը: Փաստ է, որ խաղաղապահները չեն կարողացել տվյալ պահին խաղաղությունը ապահովել եւ մի քանի ժամ եղել է կիսապատերազմական իրավիճակ: Սա թուրք-ադրբեջանական հարված է Ռուսաստանի թիկունքից: Հստակ է, որ Ռուսաստանը կամ պետք է անի կտրուկ քայլեր եւ պատասխանի ադրբեջանական սադրանքներին ռազմական ուժով, կամ պետք է չանի ոչ մի բան եւ սկսի արդարացնել իր կերպարը: Եթե Ռուսաստանի համար դա իմիջի հարց է, մեզ համար գոյութենաբանական եւ հայրենիքի կորստի սպառնալիքի հարց է: Այնպես որ Պուտինի հետ հանդիպումից առաջ թուրքերը արել են քայլ, ձեռք են բերել խաղաքարտ, ստեղծել են անկայուն վիճակ, մարտահրավեր են նետել դիմացինին եւ հիմա սպասում են պատասխանին: Սա թուրքերին շատ բնորոշ քաղաքագիտական լպիրշության սահմաններում վա-բանկ գնալու ոճ է: Ըստ էության, ռուսներին ասում են՝ դու ես խաղաղապահը, չենք պահում խաղաղությունը, ի՞նչ ես անում: Հիմա Սոչիոում տեսնելու ենք, թե խաղաղապահության գաղափարին հասցված հարվածին ինչպես է արձագանքելու Ռուսաստանը»:
Թուրքագետը հայտարարեց, որ Ռուսաստանը ազդեցությունը Հարավային Կովկասում փոխվել է. Եթե նախկինում Հարավային Կովկասը Թուրքիայի եւ Արեւմուտքի համար անձեռնմխելի էին, հիմա այդպես չէ. «Թուրքիան այստեղ տարբեր ներկայացվածություն ունի: Սա նշանակում է, որ այո, ՌԴ-ի դերակատարումը նվազել է: Հիմա հարցն այն է, Ռուսաստանն ուզո՞ւմ է վերականգնել իր ազդեցությունը թե ոչ, թե՞ ուզում է, բայց ի վիճակի չէ»:











