Հայկ Մարությանը չի հայտարարել, որ մասնակցելու է Երեւանի ընտրություններին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես շատ կուզենամ, որ ինքը մասնակցի: Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է: Ինչու եք մտածում, որ եթե մենք քաղաքական հետապնդում չենք արել լուրջ քաղաքական գործիչների նկատմամբ, քաղաքական պատմություն ունեցող, կուսակցություն ունեցող մարդկանց նկատմամբ քաղաքական ճնշումներ չեն եղել, Հայկ Մարությանի նկատմամբ ինչու պետք է լինեն: Իսկ ո՞վ չգիտի, որ քաղաքապետարանում տարիներ ի վեր կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել: Ի դեպ, հենց պարոն Մարությանի կառավարման տարիներին, հենց ինքը շատ հարցերում իրավապահների հետ աշխատել է: Մենք այդ իշխանությունը չենք, որ քաղաքական հետապնդումներով զբաղվենք, մարդկանց ծեծենք, բանտերը նետենք, մարդ սպանենք»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտարարել էր, որ ՔՊ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է: Նա վաղը կնշանակվի Երեւանի փոխքաղաքապետ, հարցը ներառված է Երեւանի ավագանու վաղվա նիստի օրակարգում:











