Հայաստանի Հանրապետության կողմից հենց առաջին պահից խիստ դատապարտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բժիշկների թիրախավորումը և հարցը ներկայացվել է միջազգային ատյաններին։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Սա բոլոր միջազգային, հումանիտար օրենքների կոպտագույն խախտում է, երբ թիրախավորվում են բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ շտապօգնության կայանները։ Մենք համապատասխան փաստական հանգամանքները ներկայացրել ենք և հետևողական ենք լինելու և՛ մենք, և՛ մյուս ատյանները, որպեսզի այս մարդատյաց գործողության պատիժը հնարավորինս խիստ լինի», – ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ շտապօգնության մեքենայի թիրախավորման ժամանակ բժիշկները հասցրել են լքել մեքենան, և տուժած անձ չկա։

«Մենք դա տեսել ենք դեռ 44–օրյա պատերազմի ժամանակ, որևէ մարդասիրական կանոն, որևէ միջազգային սկզբունք Ադրբեջանի կողմից չի պահպանվում։ Մենք դա խստորեն դատապարտում ենք և ակնկալում ենք նաև միջազգային կազմակերպությունների խիստ դատապարտումը այս առումով», – ասաց Անահիտ Ավանեսյանը։