Իսկ ընդդիմություն կա՞. ընդդիմությունը պետք է գա իր ընդդիմադիր հայտարարություններն անի, ո՞ւր են. թե՞ պատասխանատու պահ է, թռել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կմիանա վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթացին:

«Իշխանությանը պետք է լավ ընդդիմությունը լավ աշխատանքի համար, ուր են, չկան: Մեր գործընկերը լավ ասեց՝ ոնց իշխանությունն էին զավթել, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէին կրում, այսօր էլ ընդդիմադիր պատգամավորների մանդատներն են զավթել: Չեն ուզում աշխատել, թող գնան իրենց գործերով զբաղվեն, նորմալ մարդիկ գան աշխատեն»:

Հարցին, թե որպես սյունեցի՝ ձեզ այս վիճակը դուր է գալի՞ս, Դավիթ Դանիելյանը պատասխանեց. «Ի՞նչ վիճակ: Իսկ դուք տեղյա՞կ եք՝ Սյունիքում ինչ է կատարվում: Մեր տղերքը կատաղի կռիվ են տալիս, իսկ ոմանք սուտ հայտարարություններով էդքան ժողովրդին բերել են հանել փողոց: Բերել են, որ ի՞նչ անեն, դարպասները ջարդե՞ն: Թող գնան Սյունիքի դարպասների մոտ կանգնեն, ջարդեն»:

Հարցին, թե իշխող խմբակցության պատգմավորները գնո՞ւմ են սահման, նա արձագանքեց. «Հա, ես հիմա էլ գնում եմ: Պատերազմը սկսվելուց 4 ժամ հետո Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղում էի ու մենակ ես չէի, Սյունիքի մարզպետով, փոխմարզպետներով, Համբարձումյան Կարենով, բոլոր պատգամավորներով: Ու իրենցից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ»: