Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները  ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել,  ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 3 տղամարդու, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի, երկուսը՝  Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ էին։ 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Ձերբակալվածներից 34-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում ունի մարիխուանա։ Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։