Նախկինների ժամանակ ավելի լավ չէր, ես որպես գործարար կարող եմ ասել, որ այդ ժամանակ բիզնես անելը անասելի ծանր գործ էր: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինների ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում:

«Ես հիմա էլ տեսնում եմ շատ ծաղկող բիզնեսներ, որոնք սկսվել են 2018-ից հետո: Այսինքն միայն իշխանափոխությունից հետո, կոռուպցիայի կտրուկ նվազումից հետո են մարդիկ ձեռնամուխ եղել ձեռնարկատիրական գործունեության:

Իմ ստեղծած բիզնեսի նկատմամբ եղել են հարկային հալածանքներ, նույնիսկ օրենքներ են ստեղծվել, որ փակվի իմ բիզնեսը: Կարող եմ նույնիսկ նշել, թե ինչ օրենքներ, դա առաքվող ուտելիքի վրա ավելացված արժեքի հարկի ներդրումն է եւ կես տարի մենք ապրել ենք մղձավանջի մեջ, մեզ լքել են տասնյակ ռեստորաններ: Հետո հաջողվեց փոխել այդ օրենքը դեռեւս Կարեն Կարապետյանի ժամանակ»,-ասաց նա: