«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մոտ ժամանակներս առաջին անգամ մարտական հերթապահության կդրվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նա վստահեցրել է, որ այդ ծրագիրը կյանքի կկոչվի։
Ինչպես նշել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տեղակայման աշխատանքները:
««Սարմատ» հրթիռային համալիրի նոր ծանր դասի հրթիռի հաջող արձակումները պետական փորձարկումների ընթացքում թույլ են տվել սկսել դրա տեղակայման աշխատանքները»,-ասել է նա։
«Սարմատը» (ՌՍ-28) կփոխարինի աշխարհում ամենածանր «Վոեվոդա» ռազմավարական հրթիռին։ Այս նախագծի փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները սկսվել են 2011 թվականին։ Նոր հրթիռը կարող է թիրախների վրա հարձակվել ինչպես Հյուսիսային բեւեռով, այնպես էլ Հարավային բեւեռով՝ հաղթահարելով հակահրթիռային պաշտպանության համակարգերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։





























