Հունգարիայի վարչապետը կարծում է, որ ժամանակն է «ցամաքացնել ճահիճը» Եվրամիությունում։ Բուդապեշտում ամենամյա միջազգային ասուլիսի ժամանակ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի մի քանի անդամների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը կասկածի տակ է դրել այդ հաստատության հանդեպ վստահությունը, եւ ինքը պաշտպանում է այդ մարմնի՝ ներկայիս տեսքով լուծարումը, հաղորդում է AP-ը։

«Հունգարացիները կցանկանային, որ Եվրախորհրդարանը լուծարվեր ներկայիս տեսքով»,-ասել է Օրբանը։

Նա քննադատել է Եվրախորհրդարանին կոռուպցիոն սկանդալի վերջին բացահայտումների համար եւ կրկնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունը՝ ասելով, որ եկել է Բրյուսելի «ճահիճը ցամաքացնելու» պահը։

Ասուլիսը կայացել է այն ժամանակ, երբ ԵՄ-ն որոշում է կայացրել սառեցնել ավելի  քան 12 մլրդ եվրոյի ֆինանսավորումը Հունգարիային՝ կապված այն մտավախությունների հետ, որ Օրբանի կառավարությունը կոշտ միջոցներ է կիրառում դատական իշխանության անկախության, պաշտոնական կոռուպցիայի վերահսկողության եւ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ: Սեպտեմբերին Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Հունգարիան այլեւս չի կարող ժողովրդավարություն համարվել եւ Օրբանի ղեկավարությամբ կդառնա «ընտրական ավտոկրատիայի հիբրիդային ռեժիմ»։

ԵՄ-ն դժգոհում է նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Օրբանի դիրքորոշումից։

«Եթե դա մեզնից կախված լիներ, պատժամիջոցների քաղաքականություն չէր լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ հետագայում չի աջակցի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների փաթեթներին, բայց նաեւ չի խանգարի ԵՄ-ի կողմից դրանց ընդունմանը: