Դանիայի կառավարությունը 300 մլն դանիական կրոն (մոտ 43 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինայի համար զենք եւ սարքավորումներ գնելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Դանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Դանիայի պաշտպանության նախարար Յակոբ Էլեման-Յենսենը մեկնաբանել է ֆինանսավորումը. «Ուկրաինայի պայքարը հանուն ազատության նաեւ մեր ու Եվրոպայի պայքարն է հանուն ազատության։ Հենց այդ պատճառով կառավարությունը խորհրդարանում կուսակցությունների հետ միասին ընդունել է որոշում Ուկրաինային եւս 300 մլն դանիական կրոն հատկացնելու մասին»։
Նա ավելացրել է, որ Դանիայի կառավարությունն այսուհետ եւս ֆինանսական, ռազմական եւ հումանիտար աջակցություն կցուցաբերի ուկրաինացիներին։
Դանիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ միջոցները հատկացվելու են պաշտպանության նախարարության բյուջեից եւ հանձնվելու են Ուկրաինայի համար Միջազգային հիմնադրամին, որը գլխավորում է Մեծ Բրիտանիան։





























