Ներկայացուցիչների պալատի հունվարի 6-ի դեպքերի կոմիտեի եզրափակիչ հաշվետվությունում նշվել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է «մի քանի մասից բաղկացած դավադրության»՝ 2020թ. նախագահական ընտրությունների օրինական արդյունքները չեղարկելու նպատակով, եւ ոչ մի գործողություն չի ձեռնարկել, որպեսզի խանգարի իր կողմնակիցներին հարձակվել Կապիտոլիումի վրա, տեղեկացրել է AP-ն։
814 էջանոց հաշվետվությունը պատրաստվել է այն բանից հետո, երբ խումբը հարցման է ենթարկել ավելի քան 1 000 վկայի, անցկացրել է 10 լսում եւ միլիոնավոր էջեր կազմող փաստաթղթեր ստացել։ Վկաները (իրավապահ մարմիններում Թրամփի օգնականներից մինչեւ անկարգությունների որոշ մասնակիցներ) մանրամասն պատմել են ապստամբությունից առաջ՝ մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփի գործողությունների եւ այն մասին, թե ինչպես է նրա լայնածավալ ճնշման արշավը՝ ուղղված իր պարտության չեղարկմանը, ուղիղ ազդել նրանց վրա, ովքեր ներխուժել էին Կապիտոլիում 2021թ. հունվարի 6-ին։
«Հունվարի 6-ի իրադարձությունների գլխավոր պատճառը մի մարդ է՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հետեւել են շատերը»,- նշվել է հաշվետվությունում։ «Հունվարի 6-ի ոչ մի դեպք տեղի չէր ունենա առանց նրա»։
Հաշվետվության ներածությունում Ներկայացուցիչների պալատի հեռացող խոսնակ Նենսի Փելոսին նշել է, որ եզրահանգումները պետք է դառնան «մարտակոչ բոլոր ամերիկացիներին. զգոն լինել մեր դեմոկրատիան պաշտպանելիս եւ ձայնը տալ միայն նրանց, ովքեր պատասխանատու կերպով պաշտպանում են մեր Սահմանադրությունը»։





























