Որքան ես հիշում եմ, նման հռետորաբանություն Մոսկվան երբեք չի կիրառել Հայաստանի նկատմամբ, երբեք հայ-ռուսական հարաբերություններն այդքան ցածր մակարդակի վրա չեն եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Փաշինյանն, ըստ էության, էմոցիոնալ հայտարարություններ է անում՝ չմտածելով հետեւանքների մասին։    

Արդեն դժվար է հերքել, որ իշխող վարչախումբը իշխանության է եկել հստակ ծրագրով՝ հայ-ռուսական հարաբերությունները խզելու, ամեն ինչում մեղադրելու Ռուսաստանին, Արցախի բոլոր պարտավորությունները բարդելու Ռուսաստանի վրա, հասնելու նրա դուրսբերմանը տարածաշրջանից, Հայաստանը հանձնելու Թուրքիային, հայերին վտարելու այստեղից եւ պայմաններ ստեղծելու ծովից ծով միասնական թուրքական պետության ձեւավորման համար։ Մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ռուսաստանի դուրսբերումը տարածաշրջանից մեզ անպաշտպան կդարձնի Միացյալ Թուրքիայի դեմ։

Զախարովան ակնարկել է, որ Արեւմուտքում Հայաստանի ներկայացուցիչները փաստաթուղթ են ստորագրել որոշ պայմանավորվածությունների մասին, որոնց մասին ժողովրդին չեն հայտնում:

Ռուսաստանը հայտնել է, որ Արցախի եւ այլ հարցերի շուրջ բոլոր պարտականությունները Մոսկվայի վրա բարդելու հնարքը չի անցնի։

Ընդ որում, ՀՀ իշխանությունը կտրուկ հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ալիեւի աննախադեպ ագրեսիվ հռետորաբանության, որը ցանկանում է օկուպացնել ողջ Հայաստանը»,-նշեց Խաչիկյանը։