Երկու տարին բավարար էր ոչ միայն այդ կացարանը կարգի բերելու համար, այլեւ զրոյից կացարան կառուցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել։
«Հիմա ասում են, որ Իտալիայից համապատասխան մոդուլներ են բերում, բայց Հայաստանն ունի այն ներուժը, որ տեղում իր զինծառայողների համար ստեղծի համապատասխան պայմաններ։ Իմ՝ Պաշտպանության նախարար լինելու տարիներին, բազմաթիվ այդպիսի շինություններ են կառուցվել, բայց խիստ վերահսկողության ներքո»,– ասաց Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ վերջին տարիներին Զինված ուժերում կարգապահությանը լուրջ հարվածներ են հասցվել։
«Երբ կարգապահության մակարդակն իջնում է, դրա հետեւանքով լինում են արտակարգ պատահարներ»,– ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պարտավոր էին տեղեկացված լինել այս կացարանի պայմանների մասին եւ պետք է այնպիսի պայմաններ ստեղծեին, որ կանխվեր նման դեպքը։
«Այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մնացած կետերում վերահսկողություն իրականացնեն ու շտկեն իրավիճակը»,– նշեց նա։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ողբերգական այդ դեպքից հետո
պաշտպանության ղեկավար կազմը միանգամից պետք է լիներ այնտեղ։ Օհանյանի համոզմամբ՝ սխալ էր առանց ծառայողական քննություն անցկացնելու՝ զինվորականներին միանգամից աշխատանքից ազատելը։
Մանրամասները՝ տեսանյութում։











