Բաքուն ուզում է, որ ռուսական ուժերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից, քանի որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն է, ընդ որում՝ առանց հայերի, Լեռնային Ղարաբաղի ենթարկումը, նրա դե ֆակտո ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Դրա խոչընդոտը, նրա գնահատմամբ, խաղաղապահներն են։
«Ուրիշ բան, որ Բաքուն այսօր չի կարող դրան հասնել։ Դա նույնիսկ կախված չէ ժամկետներից, բայց կարեւորն այն է, որ ցանկացած պահի, երբ Ադրբեջանը հնարավորություն ունենա այնպես անել, որ ռուսական զորքերը հեռանան, հենց այդ պահին նրանք կհեռանան։ Մինչ այն պահը, քանի դեռ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը, նրանք կմնան այնտեղ։ Միաժամանակ Ադրբեջանը խանգարում է եւ կխանգարի խաղաղապահների գործունեությանը»,- ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետը բացատրեց, որ այստեղ ժամանակի գործոնը դեր չի խաղում, ամեն ինչ շատ է կախված Ուկրաինայի պատերազմից։
«Ռուսաստանն այժմ շատ կենտրոնացած է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում եւ նրա շուրջը: Այս պատերազմը դադարելու միտում չունի, հակառակը՝ այն առայժմ վերածվում է դիրքայինի»,- հավելեց նա։
Փորձագետը արձանագրեց, որ կա բրյուսելյան ձեւաչափ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի միջնորդությամբ, կա մոնիտորինգային խումբ Հայաստանի տարածքում։
«Լավրովն ասում է, որ դա չի բացառում Ռուսաստանի մասնակցությունն ու դերը, քանի որ Մոսկվայի եւ Արեւմուտքի դերերը հնարավոր չէ համեմատել։ Մի բան է՝ մի քանի տասնյակ դիտորդները, որոնք շրջում են սահմանով, մեկ այլ բան՝ խաղաղապահներն ու համապատասխան պայմանագրերը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված։ Սրանք տարբեր ձեւաչափեր են: Լավրովն ասել է, որ մենք գործընթացից դուրս չենք գալիս, շարունակում ենք աշխատել Լաչինի խնդրի վրա, բայց թող լինեն նաեւ այլ ձեւաչափեր։ Սակայն Ռուսաստանը խանդով է վերաբերվում Արեւմուտքի առաջարկած բոլոր ձեւաչափերին այն տարածքում, որը Մոսկվան համարում է իր ազգային շահերի տարածքը, այսինքն՝ հետխորհրդային տարածքը։ Սա միանգամայն հասկանալի է՝ թեժ պատերազմ է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, եւ Մոսկվան նյարդայնացած է արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջը»,- ընդգծեց Իսկանդարյանը։
Նա հավելեց, որ Երեւանը ստիպված է մեկ տեղում համատեղել տարբեր նախագծեր, կոմպլեմենտարիզմը Հայաստանի համար ավանդական քաղաքականություն է, թեեւ այժմ այն իրականացնելը շատ ավելի դժվար է, քան նախկինում։











