Հայաստանն ու Վրաստանը կակտիվացնեն համագործակցությունը սեյսմիկ անվտանգության ոլորտում: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի եւ ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իռակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։




























