Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի աշխատակիցները «տարբերվել են»՝ բառիս վատագույն իմաստով։

NEWS.am-ի խմբագրություն է դիմել Երեւանի բնակչուհի Էլեոնորա Արարատյանը։ Որպես կենդանապաշտպան՝ առաջին անգամ չէ, որ նա բախվում է որսացող ծառայության աշխատակիցների վարքագծին:

«Ես դուրս եկա զբոսանքի եւ սրտաճմլիկ ճիչեր լսեցի։ Անմիջապես հասկացա, որ սա վերջերս ծնված շունն է, որին մենք կերակրում ենք։ Վազեցի բղավոցների ուղղությամբ, եւ, պարզվեց, որ կենտրոնի աշխատակիցները կոպտորեն շանը եւ երկու դեռահաս ձագերին հրում են մեքենայի մեջ։ Ես փորձեցի  համոզել, որ մորը թողնեն, քանի որ նա փոքրիկ ձագուկներ ունի։ Բայց նրանք նույնիսկ չէին ուզում լսել»,- ասում է Էլեոնորան:

Գործը համոզելու միջոցով լուծելու փորձերն արդյունք չեն տվել։ Վախեցած շանը խցկել են մեքենայի մեջ, իսկ Էլեոնորային վիրավորել են ու կոպտորեն հրել, որ «չխանգարի»։

«Դժվար է նկարագրել, թե որքան վիրավորական էր այդ մարդկանց պահվածքը։ Ես նույնիսկ չեմ կարող կրկնել այն, ինչ նրանք ասացին»,- վիրավորանքից եւ վրդովմունքից դողացող ձայնով ասում է Էլեոնորան:

«Մի փոքր ուշքի գալով՝ ես սոցցանցերի միջոցով դիմեցի Երեւանի փոխքաղաքապետ, կենդանիների նկատմամբ իր լավ վերաբերմունքով հայտնի Տիգրան Ավինյանին։ Ցավոք, նա դեռ չի արձագանքել։ Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը նույնպես գերադասում է լռել»,- նշեց Արարատյանը։

Էլեոնորան արդեն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, դիմել է փաստաբանին եւ դատական հայց է պատրաստում հրապարակային ներողություն խնդրելու պահանջով։ «Որքան հրապարակային է եղել վիրավորանքը, այնքան հրապարակային էլ պետք է լինի ներողություն խնդրելը։ Հարցն ամենեւին այն չէ, որ գործը դատարանը որոշի, ինձ միայն ներողություն է պետք»,- ընդգծեց Էլեոնորան։

Սակայն մինչ ԶԼՄ-ներին դիմելը Էլեոնորան ստիպված է եղել զբաղվել երկու շաբաթական ձագերի ճակատագրով, որոնց մորը կենտրոնի աշխատակիցները տարել են։ «Ես փորձեցի բացատրել, որ առանց մոր ձագերը դատապարտված են: Թող ձագերը մեծանային, ես ինքս կկանչեի կենտրոնի աշխատակիցներին։ Ավելին, նրան ստերջացնելը հիմա նշանակում է նաեւ մահ ձագերի համար, քանի որ մոր կաթը կվերանա»,- ասում է Էլեոնորան։ Կամքը հավաքելով՝ կենդանիների իրավունքների պաշտպանը, այնուամենայնիվ, դիմել է կենտրոն։ Ձագերի հետեւից այնուամենայնիվ եկել են։ «Ես չգիտեմ՝ հիմա նրանք ոնց են, որովհետեւ որեւէ մեկին տարածք չեն թողնում, բացատրություններ էլ առանձնապես չեն տալիս»,- ասաց Արարատյանը։

Մինչդեռ կենտրոնի գործունեությունը մեկ անգամ չէ, որ հայտնվել է կենդանապաշտպանների ուշադրության կենտրոնում։ Շատերը բողոքում են կենդանիների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից, չմտածված արարքներից՝ տանում են մորը, թողնելով անօգնական ձագերին, բռնում են խնամակալներ ունեցող, արդեն ստերջացված կենդանիներին եւ բաց են թողնում բոլորովին այլ տարածքում եւ այլն։ Բանը հասել է նրան, որ ստորագրահավաք է նախաձեռնվել՝ կենտրոնի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու պահանջով։ Բայց ամեն ինչ նույնն է՝ կենտրոնի գործունեությունը ոչ միայն ավելի թափանցիկ չի դարձել, այլ նրա աշխատակիցները կարող են հրապարակայնորեն վիրավորել կենդանուն կոպիտ վերաբերմունքից պաշտպանող աղջկան, եւ առայժմ՝ անպատիժ: