Armenia Airways նոր ավիափոխադրողը, որը թռիչքներ է իրականացնում դեպի Երեւան, մինչեւ մարտի վերջ կհայտնվի Սոչիի միջազգային օդանավակայանի ծրագրում։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է «Աերոդինամիկա» ընկերությունների խմբի ավիացիոն կոմերցիայի տնօրեն Ալեքսանդր Նիկոնովը։

«Աերոդինամիկա»-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Սոչիից դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում հինգ ավիաընկերություններ՝ «Ազիմուտ»-ը, «Red Wings»-ը եւ «Ռոսիա»-ն, հայկական «Fly One»-ը եւ «Fly Arna»-ն: Մեկ այլ փոխադրող՝ Armenian Airlines-ը, պատրաստվում է մարտի 13-ին իր դեբյուտային չվերթին։

Նիկոնովի խոսքով՝ արդեն գործող ընկերություններին չորրորդ ավիաընկերության ավելացումը պայմանավորված է ուղեւորների մեծ պահանջարկով։

«Սոչի-Երեւանը շարունակում է մնալ մեր ուղեւորների շրջանում ամենապահանջված միջազգային երթուղիներից մեկը։ Նոր փոխադրողի ի հայտ գալը եւս մեկ անգամ ապացուցում է Ռուսաստանի եւ Հայաստանի համար աճող պահանջարկն ու զբոսաշրջային ներուժը։ Մինչեւ մարտի վերջ մենք ակնկալում ենք, որ մեկ այլ ավիափոխադրող՝ Armenia Airways-ը, դուրս կգա ռուսական շուկա»,- ասել է Նիկոնովը։

Նա նշել է, որ մինչեւ 2022 թվականի վերջ Սոչիի օդանավակայանը դեպի Երեւան չվերթերով սպասարկել է ավելի քան 250 հազար ուղեւորի։ Այս տարի, ըստ Նիկոնովի կանխատեսումների, երթեւեկությունը կարող է աճել մինչեւ 20 տոկոս՝ ավիատոմսերի գների իջեցման եւ շուկայում նոր ավիափոխադրողների հայտնվելու պատճառով։